2017 թվականի ապրիլի մեկից փոփոխություններ ԱՊՊԱ ոլորտում
10.11.2016
Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոն 09.11.2016 թվականին կազմակերպել է մամլո ասուլիս 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ
ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ: Մամլո ասուլիսից հատված կարող
եք դիտել այստեղ: 2017 թվականի ապրիլի մեկից ներդրվող ԱՊՊԱ կանոնների նոր
փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստորև ներկայացնում ենք
ներդրվող հիմնական փոփոխությունները:
Ներդրվում
է ուղիղ հատուցումների համակարգը
2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվելու
է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ ավտովթարների
դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է
դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին: Ապահովագրական
ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների
սեփականատերերին պատճառված վնասները, որից հետո վնաս պատճառած ավտոտրանսպորտային
միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունների հետ կիրականացնեն
փոխհաշվարկներ՝ սահմանված չափերով հետ ստանալով իրենց կողմից հատուցված գումարները:
Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության
ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերության
հետ։
Ուղիղ հատուցումների
համակարգի ներդրումն ԱՊՊԱ ոլորտում 2017թ․ ապրիլի
1-ից ներդրվող կարևորագույն փոփոխությունն է:
Ներկայումս, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելով, Ապահովադիրներն ըստ էության ընտրում են միայն
ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՊՊԱ ոլորտում գործող պայմանները միասնական
և ստանդարտ են, որտեղ հաշվի են առնված ԱՊՊԱ համակարգի բոլոր մասնակիցների և տուժողների
շահերը։ Ուղիղ հատուցումների համակարգը հնարավորություն կտա վերականգնել այդ ընտրության
իրականացման խթանները, որոնք ներկայումս բացակայում են: Համապատասխանաբար ավտոսեփականատերերը
կարող են ապահովագրական ընկերությանը ընտրել՝ ելնելով վերջինիս կողմից պայմանագիրը
սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպելու արագությունից, վնասի գնահատման
գործընթացը կազմակերպելու օբյեկտիվությունից, հաճախորդի հետ հաղորդակցվելու որակից
և սպասարկման որակի գնահատման՝ իր համար նախընտրելի այլ չափորոշիչներից: Այս գործոնների
առկայությամբ անխուսափելիորեն ԱՊՊԱ ոլորտում կմեծանա ապահովագրական ընկերությունների
միջև առողջ մրցակցությունը՝ հիմքում ունենալով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը, ինչն
իր հերթին կհանգեցնի ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկմանը և հատուցումների
գործընթացի որակի բարելավմանը։
ԱՊՊԱ ոլորտում
կրճատվում են հատուցման գործընթացի տևողությունները
2017թ․ ապրիլի 1-ից գործընթացների բարելավումների արդյունքում
ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման
և ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպման համար Բյուրոյի կանոններով
նախատեսված առավելագույն ժամկետները կրճատվելու են հետևյալ չափերով.
Ուշադրություն՝
Առավելագույն ժամկետները հաշվարկված
են հաշվի առնելով, որ հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական բողոքարկումների
իրավունքից համապատասխան անձինք օգտվում են։
Հատուցման գործընթացը | Նախքան փոփոխությունը | 2017թ․ապրիլի 1-ից հետո | ||
Նվազագույն | Առավելագույն | Նվազագույն | Առավելագույն | |
Պարզեցված հատուցման գործընթաց | 9 օր | 81 օր | 6 օր | 17 օր |
Ստանդարտ հատուցման գործընթաց | 16 օր | 119 օր | 10 օր | 41 օր |
ԱՊՊԱ ոլորտում
բարձրացվում են հատուցման ենթակա առավելագույն շեմերը
2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվում են մեկ
պատահարի արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա առավելագույն շեմերը (ապահովագրական
գումարները) հետևյալ չափերով.
Ապահովագրական գումարի (հատուցման ենթակա առավելագույն գումարի) չափը | Մինչև 01.04.2017 թ-ը գործող սահմանաչափեր | 01.04.2017թ-ից հետո գործող սահմանաչափեր | ||
Մեկ պատահարով մեկ տուժողի համար | Մեկ պատահարով բոլոր տուժողների համար | Մեկ պատահարով մեկ տուժողի համար | Մեկ պատահարով բոլոր տուժողների համար | |
Անձնական վնասների համար | 3.300.000 ՀՀ դրամ | 10.000.000 ՀՀ դրամ | 3.300.000 ՀՀ դրամ | 33.000.000 ՀՀ դրամ |
Գույքային վնասների համար | 1.800.000 ՀՀ դրամ (Եթե այլ տուժողներ չկան, մեկից ավելի տուժողների դեպքում կիրառվում է համամասնություն) | 1.800.000 ՀՀ դրամ | 1.800.000 ՀՀ դրամ | 18.000.000 ՀՀ դրամ |
ԱՊՊԱ ոլորտում ստանդարտացվում են կիրառվող բոլոր փաստաթղթերը
Սպառողների և
տուժողների շահերի պաշտպանության նկատառումներով ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների
և փորձագետների կողմից կիրառվող և հանրությանը ծանուցվող բոլոր փաստաթղթերը ստանդարտացվել
և սահմանվել են տիպային օրինակներ (դիմումներ, ծանուցումներ, փորձաքննության արդյունքներ,
հարցումներ և այլն)։ Սա նշանակում է, որ ապահովագրական ընկերություններն սպառողների
հետ հարաբերվելու են նույնատիպ փաստաթղթերով, ինչը վերջիններին թույլ կտա ցանկացած
գործընթացի վերաբերյալ ստանալ առավել մատչելի և ամբողջական տեղեկատվություն՝ անկախ
նրանից, թե գործընթացը որ ապահովագրական ընկերության կողմից է իրականացվում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կատարված փոփոխությունները
տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես
էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա
2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։