Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 10) 580043, (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Ձեր իրավունքները
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Եթե Դուք օգտվում եք ֆինանսական ծառայությունից կամ դիմել եք դրանից օգտվելու համար և արդյունքում ունեք բողոք կամ պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ և/կամ կարծում եք, որ ոտնահարվել են ձեր իրավունքները, ապա դուք ունեք բողոքարկելու և ձեր իրավունքները /շահերը/ պաշտպանելու իրավունք:

Կախված Ձեր բողոքի տեսակից դուք կարող եք`
  • Անմիջապես դիմել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ

    Բյուրոյի հետ հարաբերություններում Ձեր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք գրավոր բողոք-պահանջ ներկայացնել Բյուրո: Բողոք-պահանջը կարող է ներկայացվել

    -առձեռն,
    -փոստով (ք. Երևան 0010, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով)
    -ինտերնետի միջոցով (info@paap.am էլ. հասցեով):

    Բյուրոն պարտավոր է գրավոր պատասխան ներկայացնել Ձեզ բողոք-պահանջը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

    Եթե Բյուրոյի կողմից տրված պատասխանը Ձեզ չի բավարարում, կարող եք դիմել դատարան, իսկ որոշ դեպքերում` Ֆինանսական համակարգի հաշտարարին:

    Բյուրոյում բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագիրը

    Վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը

    Հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտի ձևը

    Բողոք-պահանջի ներկայացման հայտում բոլոր տվյալների լրացումը պարտադիր է:
    Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 58-00-32 հեռախոսահամարով:

  • Դիմել դատարան
  • Դուք իրավաբանական կամ ֆիզիկական անձ եք և ունեք բողոք ֆինանսական կազմակերպության դեմ, ապա ցանկացած բողոքի դեպքում դուք կարող եք դիմել Դատարան: Դատարան դիմելու դեպքում Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճը լուծում է դատարանը:

    Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Սակայն հիշեք, որ դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

    Ո՞ր դեպքում դուք չեք կարող դիմել դատարան
    Եթե ձեր և այն ֆինանսական կազմակերպության միջև, ում դեմ ուղղված է բողոքը, կնքվել է արբիտրաժային համաձայնություն, ապա այդ ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Այդ դեպքում դուք զրկվում եք դատարան դիմելու իրավունքից, քանի որ, որպես կանոն, արբիտրաժային տրիբունալի վճիռները դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

  • Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին

    Եթե դուք գրավոր բողոքով դիմել եք ֆինանսական կազմակերպությանը և ֆինանսական կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում չի տրամադրել ձեզ գրավոր պատասխան կամ տրամադրել է գրավոր պատասխան, սակայն այն ձեզ չի գոհացնում, ապա դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

    Ֆինանսական համակարգի հաշտարարը ԱՆՎՃԱՐ քննում է ձեր պահանջները: Դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարին`դուք ոչ մի պարտավորություն չեք ստանձնում, քանի որ դուք միշտ ունեք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը չհամաձայնելու և դատարան դիմելու իրավունք:

    Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր բողոքները կարող է Ֆինանսական համակարգի հաշտարարը քննել: Ֆինանսական համակարգի հաշտարարին դուք կարող եք դիմել, եթե բավարար են հետևյալ պահանջները`

    o Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ
    o Օգտվել եք կամ դիմել եք ֆինանսական կազմակերպությանը նրա ծառայություններից օգտվելու համար և դրա արդյունքում ունեք գույքային պահանջ այդ կազմակերպության նկատմամբ: Ընդ որում գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն դրամը:
    o Դիմել եք Ֆինանսական համակարգի հաշտարարին ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ քան 6 ամիս հետո
    o Ձեր պահանջը ծագել է 2008թ. Օգոստոսի 2-ից հետո տեղի ունեցած դեպքերից հետո
    o Ձեր պահանջը նախապես ներկայացրել եք ֆինանսական կազմակերպությանը

    Ո՞ր դեպքում Ֆինանսական համակարգի հաշտարարը չի քննի ձեր պահանջը

    Հաշտարարը իրավասու չէ քննել ձեր պահանջը, եթե

    o Ձեր նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ
    o Դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է նույն պահանջի վերաբերյալ գործ
    o Պահանջն ակնհայտորեն զրպատիչ է կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է:
    Այդպիսի պահանջ կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ դուք պահանջում եք, որ բանկը հետաձգի ձեր վարկային պայմանագրով սահմանված տոկոսների մարումները:

    Ֆինանսական համակարգի հաշտարարի, ինչպես նաև վերջինիս կողմից բողոքների ընդունման, քննման և որոշումների կայացման կարգի, ժամկետների և այլ կարևոր տեղեկատվության մասին առավել մանրամասն դուք կարող եք տեղեկանալ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ կայքում:

  • Դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

    Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ: Սակայն հիշեք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճերը, սակայն կարող է ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ ֆինանսական կազմակերպությունը խախտել է օրենքի պահանջները:

    Կենտրոնական բանկ բողոք ներկայացնող անձը չունի հայցվորի կարգավիճակ, ինչպես դա կլիներ, եթե անձը դիմեր դատարան կամ Ֆինանսական Հաշտարարին: Հետևաբար անձը իրավունք չունի ծանոթանալու իր բողոքի հետ կապված ձևավորված գործի նյութերին: Բացի այդ Կենտրոնական բանկը օրենսդրությամբ պարտավորված է գաղտնի պահել ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը, հետևաբար Կենտրոնական բանկը չի կարող բողոք ներկայացնող անձին տեղեկատվություն ներկայացնել Կենտրոնական բանկի կողմից կատարված գործողությունների մասին: Անձը կարող է ծանոթանալ այն տեղեկատվությանը, որը գաղտնի չէ: Որպես կանոն այդ տեղեկատվությունը տեղակայված է Կենտրոնական բանկի կայքում



Եթե ցանկանում եք ԱՊՊԱ ոլորտում որևէ անձի լիազորել ԱՊՊԱ պայմանագրի կնքման և (կամ) ապահովագրական հատուցման ստացման գործընթացներում Ձեր անունից հանդես գալու համար, ապա կարող եք օգտվել լիազորագրի հետևյալ տիպային օրինակներից․

Թարմացվել է՝ 07.02.2017 15:07:18