Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Հայտարարություններ

Հայտարարություն ԱՊՊԱ ոլորտում զեղծարարության (խարդախության) բացահայտման վերաբերյալ 11.04.2017  Ինչպես բազմիցս հայտարարվել է՝ ԱՊՊԱ ոլորտում զեղծարարությունների (խարդախությունների) կանխարգելման և բացահայտման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ուշադրության ներքո: Նման երևույթների նկատմամբ հետևողականությունն առավել մեծացել է ԱՊՊԱ ոլորտի վերջին բարեփոխումների և ազատականացումների շրջանակներում: Համապատասխանաբար, Բյուրոյի կողմից պարբերաբար տարբեր եղանակներով հրապարակվելու են հաստատված զեղծարարությունների (փորձերի) դեպքերը և իրականացվելու են այդ ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքներ: Հարկ ենք համարում նշել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բյուրոյի և ապահովագրական ընկերությունների կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ներկայացվել են մի շարք հաղորդումներ, որոնք գտնվում են քննության տարբեր փուլերում: Ստորև ներկայացնում ենք արդեն իսկ բացահայտված զեղծարարության փորձի մեկ դեպք՝ 

 Քաղաքացի Մ. Հ.-ն 2016թ. օգոստոսի 10-ին դիմում է ներկայացրել ապահովագրական ընկերությանը՝ հայտնելով, որ 2016թ. օգոստոսի 6-ին ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խ. Դաշտենցի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Ս. Ա.-ի վարած «ԳԱԶ-5201» մակնիշի ավտոմեքենան վնաս է պատճառել իրեն պատկանող և Գ. Հ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, խնդրել է հատուցել պատճառված վնասները: Հայտարարված պատահարի վերաբերյալ ներկայացվել են բոլոր սահմանված փաստաթղթերը, այդ թվում՝ վարորդների հայտարարած տվյալների հիման վրա Ճանապարհային ոստիկանության լրացրած փաստաթղթերը: 
 Ապահովագրական ընկերությունը 2016թ. օգոստոսի 18-ին նշանակել է փորձաքննություն, որի արդյունքներով 2016թ. սեպտեմբերի 30-ին կազմված եզրակացությունով փորձագետները հանգել են այն հետևություն, որ «ԳԱԶ» մակնիշի և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների՝ ներկայացված հետվթարային հետքերն անհամադրելի են և չէին կարող առաջանալ ներկայացված պատահարի պայմաններում և համապատասխանաբար տեղի է ունեցել պատահարի ձևացում: 
Ապահովագրական ընկերությունը 2016թ. հոկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, որի հետ կապված 2016թ. նոյեմբերի 18-ին հարուցվել է քրեական գործ: Նախաքննության արդյունքներով 2016թ. դեկտեմբերի 2-ին կայացված որոշմամբ հաստատվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան նախկինում վթարված է եղել, իսկ «ԳԱԶ» մակնիշի և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները ոչ թե բախվել են միմյանց, այլ վարորդներ Ս. Ա.-ն և Գ. Հ.-ն, փոխադարձ պայմանավորվածությամբ, ձևացրել են ճանապարհատրանսպորտային պատահար՝ նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունից խաբեությամբ հափշտակել այն գումարը, որը կհատուցվեր իրական պատահարի դեպքում:
 Արդյունքում, զեղծարարության փորձ կատարած անձինք ոչ միայն որևէ հատուցում չստացան, այլև կրեցին ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքները: 
 Հորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց և ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ նման դեպքերի նկատմամբ լինելու ենք հետևողական՝ ի շահ ԱՊՊԱ համակարգի կայունության և բարեխիղճ հաճախորդների շահերի պաշտպանության: Հավաստիացնում ենք, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ կիրառելու համար: 

  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Թարմացվել է՝ 12.10.2017 11:35:08